Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայաստան-Լեռնային Ղարաբաղ ցամաքային կապը պետք է գտնվի հայկական կողմի իրավասության ներքո»

Հայաստան-Լեռնային Ղարաբաղ ցամաքային կապը պետք է գտնվի հայկական կողմի իրավասության ներքո»
24.06.2008 | 00:00

Երեկ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ` նա միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները միաժամանակ ուղղված են իրավիճակի ապակայունացմանը և վտանգի տակ են դնում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։ Իբրև այդպիսի դրսևորումներ Հայաստանի արտգործնախարարը մատնանշել է 4 հայ գերիների ազատ չարձակելը, հայ զինծառայողի և երկու քաղաքացիական անձանց սպանությունը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

«Ասվածի հաստատումն են նաև Ադրբեջանի որոշ հասարակական կազմակերպությունների պահանջները` բանակցային գործընթացը դադարեցնելու վերաբերյալ։ Մինչդեռ հայտնի է, թե որտեղից են ուղղորդվում այդ կազմակերպությունները»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը, ավելացնելով, թե հայկական կողմը մտադիր է հակամարտությունը կարգավորել բացարձակապես խաղաղ ճանապարհով, ինչի համար անհրաժեշտ է փոխվստահության մթնոլորտի ստեղծում։ Ըստ Նալբանդյանի, «կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են խոչընդոտել բանակցային գործընթացին։ Իսկ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Հայաստանն ընդգծում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդության կարևորությունը հակամարտության կարգավորման գործընթացում` որպես գործնական բանակցային ֆորմատ։ Սակայն Ադրբեջանը, ընդգրկված լինելով այդ գործում`, փորձում է միաժամանակ հարցի լուծումը տեղափոխել այլ միջազգային կառույցներ, շարունակում է խեղաթյուրել հակամարտության էությունը միջազգային կազմակերպություններում և քարոզչություն վարում Հայաստանի դեմ։ Դա միշտ խանգարել և խանգարում է հիմնախնդրի լուծմանը»։

Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության կարգավորման իր հռչակած սկզբունքներին. Լեռնային Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի ենթակայության ներքո և պետք է հայկական կողմի վերահսկողությամբ ցամաքային մշտական կապ ունենա Հայաստանի հետ, ինչպես նաև պետք է երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։ «Միայն այս սկզբունքների ընդունումը և դրանց ամրագրումը պայմանագրով հնարավորություն կտան չեզոքացնել հակամարտության հետևանքները»,- նշել է Նալբանդյանը, միաժամանակ հավելելով, որ բոլոր պայմանավորվածությունները պետք է արժանանան ղարաբաղյան կողմի հավանությանը։

Վ. Մ.

Դիտվել է՝ 7496

Մեկնաբանություններ